Չարության ոգին ստեղծում է տարածքային պատերազմներ, կյանքի ու մահվան բուրգերի վրա վերաձևում է նոր աշխարհակարգի քարտեզները, սահմանները, հզորի ու թույլի տեղատվություններով, այն դարձնելով իր առանցքի շուրջ առավել արագորեն պտտվող գլոբուս, գունազարդված նկարներով, ցամաքների և օվկիանոսների բաժանարարությամբ։ Ճշմարտության, արդարության միֆերն անգամ արդեն անզոր են գնահատել , մեկնաբանել նման կործանարար, հարափոփոխ, գլոբալիստական պարտադրված ընթացքը, աշխարհընկալումը, որը չունի մուտքի ու ելքի դռներ, ուր մոլախոտը հաղթում է ծաղկումին։ Ազգերը իրենց ճակատագրական կոդերի տերն են, յուրաքանչյուրը՝ իր լինելիության արդար պահանջներով։ Բայց փոքր ձկները օվկիանոսներում միշտ կուլ են գնում առավել մեծերին։ Նրանց գոյի, պայքարի խնդիրը արհեստածին է և անօգուտ։
Պիտի հարմարվեն քաղցր, աղի, դառը ալիքներին, ընտրեն լինելիության, շահեկան ապրելու ճամփան, շարունակվեն ինքնապաշտպանման բնազդով։
Աշխարհագրական այս վայրի ինքնակերտման հորձանուտի մեջ, տեղեկատվական արկածախնդիր խաղերում, գերհզորների տենդոտ մրցավազքի կողքին` դու ի՞նչ պիտի անես, բազմաչարչար Հայաստան։
Անցյալը քեզ հետ ներկա՞ բերես, չի՛ զարմացնի։ Ամենը փոշիացնող , երկաթե մանրաղացի տակ է։ Ոտքդ բարակ վերմակիդ տակից դուրս հանե՞ս` կսառցակալի՛։
Քոնը բարձրաձայնես հազարաձև աղմուկների մեջ` կխլանա։
Զե՞ նք վերցնես` անօգուտ է։ Հավատացնես, որ անկախ ես, չի ստացվի։ Քո կոկտեյլի բաժակում փոթորիկ մի փորձիր ստեղծել։ Ընդունիր մենավորիդ խարանը, հիշի՛ր, թղթից է շերեփը քո, քաղաքական հսկա կաթսայի հատակը չի հասնելու, վկա Խրիմյան Հայրիկը:
Նայիր աջ ու ահյակ, խելացիությամբ մատդ դիր բախտորոշման քո նշանակետին, ապավինիր հոգուդ ճարտարապետությանը , առկա ճամփաբաժանում իմաստնության էներգիա վերցրու, փոքրությանդ մեջ ադամանդացիր, դու կարող ես, ասա քոնը, անուրանալի ինքնատիպությամբ` քեզ համար տեր կարգիր աշխարհածավալ այն հզորին, ով շատ թե քիչ գիտի արժեքդ, ծանոթ է կերպիդ, տեսակիդ, բազմաշնորհությանդ, պատմությանդ, նրան հովանի ընտրիր քեզ համար, որ անապատախեղդ, ոտնակոխան չլինես։ Արդեն մոխրացած շագանակներ մի՛ փորձիր հանել թեժացող կրակից։
Ուրիշ ճանապարհ չունես։ Սա է քո բաժինը։
Մնացյալը հեքիաթի ժանրից է։
Հռիփսիմե Հովհաննիսյան